Յակոբը հասնում է Եգիպտոս։ Իսրայէլի որդիքը։ Յովսէփի ընդունելութիւնը իր հօրը։

1 Եւ Իսրայէլն իր բոլոր ունեցածովը ճանապարհ ելաւ, եւ Բերսաբէէ եկաւ, եւ իր հօր Իսահակի Աստուծոյն զոհեր մատուցրեց։ 2 Եւ Աստուած գիշերուայ տեսիլքի մէջ խօսեց Իսրայէլի հետ եւ ասեց. Յակոբ՝ Յակոբ. Եւ նա ասեց. Ահա ես։ 3 Եւ ասեց. Ես եմ Աստուածը քո հօր Աստուածը, մի՛ վախիր Եգիպտոս իջնելու. որովհետեւ ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու։ 4 Ես քեզ հետ Եգիպտոս կիջնեմ, նաեւ անպատճառ կհանեմ, եւ Յովսէփը կդնէ իր ձեռքը քո աչքերի վերայ։ 5 Եւ Յակոբն ելաւ Բերսաբէէիցը. Եւ Իսրայէլի որդիները տարին իրանց հայր Յակոբին եւ իրանց երեխաներին եւ իրանց կանանցը այն կառքերովը, որ Փարաւօնն ուղարկել էր նորան տանելու համար։ 6 Եւ առին իրանց անասունները եւ իրանց ստացուածքը որ Քանանի երկրումն ստացել էին, Յակոբը եւ իր բոլոր սերունդը իր հետ։ 7 Իր որդիները եւ իր որդկանց որդիները իր հետ, իր աղջկերքը եւ իր որդկանց աղջկերքը եւ իր բոլոր սերունդը իր հետ Եգիպտոս բերաւ։
8 Եւ սորանք են Իսրայէլի որդկանց անունները, որ Եգիպտոս եկան, Յակոբը եւ նորա որդիքը. Յակոբի անդրանիկը Ռուբէն. 9 Եւ Ռուբէնի որդիքը Ենովք, եւ Փաղղուս, եւ Եսրոն եւ Քարմի։ 10 Եւ Շմաւոնի որդիքը Յամուէլ, եւ Յամին, եւ Ոհադ, եւ Յաքին, եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին, Սաւուղ։ 11 Եւ Ղեւիի որդիքը՝ Գերսոն՝ Կահաթ եւ Մերարի։ 12 Եւ Յուդայի որդիքը՝ Էր ու Օնան, եւ Սելոմ, եւ Փարէս եւ Զարա. Բայց Էրը եւ Օնանը Քանանի երկրումը մեռան, եւ Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։ 13 Եւ Իսաքարի որդիքը՝ Թավղա, եւ Փուա, եւ Յոբ եւ Սամրօն։ 14 Եւ Զաբուղօնի որդիքը՝ Սարէդ եւ Ելօն եւ Յաղել։ 15 Սորանք են Լիայի որդիքը, որոնց Միջագետումը ծնեց Յակոբի համար, եւ նորա Դինա աղջիկը. նորա բոլոր որդիները եւ աղջկերքը երեսունեւերեք հոգի էին։ 16 Եւ Գադի որդիքը Սափոն, եւ Անգի, Սունի, եւ Եսբօն, Էրի եւ Արօտի եւ Արելի։ 17 Եւ Ասերի որդիքը՝ Յեմնա եւ Յեսուա, եւ Յեսուի, եւ Բարիա, եւ նորանց քոյրը՝ Սարա, եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մաղքիէլ։ 18 Սորանք են Զեղփայի որդիքը՝ որ Լաբանն իր Լիա աղջկանը տուաւ, եւ նա ծնեց սորանց Յակոբի համար՝ տասնեւվեց հոգի։ 19 Յակոբի կին Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։ 20 Եւ Յովսէփի համար Եգիպտոսի երկրումը Մանասէն եւ Եփրեմը ծնուեցան, որոնց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկ՝ Ասանէթը ծնեց նորա համար։ 21 Եւ Բենիամինի որդիքը՝ Բաղա եւ Բոքոր, եւ Ասբէլ, Գերա, եւ Նէեման, Էհի, եւ Ռովս, Մուփիմ, եւ Ռոփիմ եւ Արեդ։ 22 Սորանք են Ռաքէլի որդիքը՝ որոնք ծնուեցան Յակոբի համար, ամենը տասնեւչորս հոգի։ 23 Եւ Դանի որդիքը Հուսիմ։ 24 Եւ Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, եւ Գունի, եւ Յասիր եւ Սիլլեմ։ 25 Սորանք են Բաղղայի որդիքը, որ Լաբանն իր աղջկանը տուաւ. Եւ նա Յակոբի համար ծնեց սորանց, ամենը եօթը հոգի։ 26 Յակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ նորա երանքից ելած էին բացի Յակոբի որդկանց կանանցից ամենը վաթսունեւվեց հոգի էին։ 27 Եւ Յովսէփի որդիքը՝ որ Եգիպտոսի մէջ նորա համար ծնուեցան, երկու հոգի էին. Յակոբի տան բոլոր հոգիները որ Եգիպտոս գնացին, եօթանասուն էին։ 28 Եւ Յուդային ուղարկեց իր առաջին Յովսէփի մօտ, որ Գեսեմը ցոյց տայ նորան. Եւ նորանք եկան Գեսեմի երկիրը։ 29 Եւ Յովսէփն իր կառքը պատրաստեց, եւ ելաւ իր հայր՝ Իսրայէլին դիմաւորելու համար Գեսեմ գնաց, եւ երբոր նորան երեւեցաւ, նորա պարանոցովն ընկաւ, եւ նորա պարանոցի վերայ բաւական լացաւ։ 30 Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Հիմա թող մեռնիմ քո երեսը տեսնելուցս յետոյ. Որովհետեւ տակաւին կենդանի ես։ 31 Եւ Յովսէփն իր եղբայրներին եւ իր հօր տանն ասեց. Վեր գնամ, եւ Փարաւօնին պատմեմ, եւ ասեմ նորան. Իմ եղբայրներն եւ իմ հօր ընտանիքը, որ Քանանի երկրումն էին, ինձ մօտ եկան։ 32 Եւ այն մարդիկը հովիւներ են, որովհետեւ խաշանց տէր են, եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները եւ իրանց բոլոր ունեցածը բերել են։ 33 Եւ կլինի որ, երբ Փարաւօնը ձեզ կանչէ, եւ ասէ. Թէ Ի՞նչ է ձեր արհեստը, ասեցէք. 34 Ծառաներդ մեր մանկութիւնից մինչեւ հիմա՝ մենք էլ, մեր հայրերն էլ, խաշանց տէր ենք. որ Գեսեմի երկրումը բնակուիք. որովհետեւ ամեն հովիւ Եգիպտացիների առաջին գարշելի է։