Յովսէփն իրան ճանաչել է տալիս իր եղբայրներին և հօրը բերում Եգիպտոս։

1 Եւ Յովսէփը չկարողացաւ զսպել իրան բոլոր իր մօտ կանգնողների առաջին, եւ աղաղակեց, Դուրս հանեցէք բոլոր այդ մարդիկը իմ մօտից. Եւ մօտը մարդ չկար՝ երբոր Յովսէփն իրան ճանաչեցրեց իր եղբայրներին։ 2 Եւ ձայնը լացի տուաւ. Եւ Եգիպտացիք լսեցին եւ Փարաւօնի տունը լսեց։ 3 Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ես Յովսէփն եմ. Իմ հայրը տակաւին ո՞ղջ է. Եւ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նորան, որովհետեւ նորա առաջին ապշել մնացել էին։ 4 Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ինձ մօտ եկէք, նորանք էլ մօտ եկան. Եւ ասեց. Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որ ինձ ծախեցիք Եգիպտոս։ 5 Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար։ 6 Որովհետեւ երկրիս վերայ սովի երկրորդ տարին է այս. Եւ տակաւին հինգ տարի կայ որ վարուցան, եւ հունձք չի լինիլ։ 7 Եւ Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վերայ ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատութիւնով։ 8 Եւ արդ՝ ոչ թէ դուք ուղարկեցիք ինձ այս տեղ, այլ Աստուած. Եւ ինձ Փարաւօնին հայր եւ նորա բոլոր տանը տէր Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրաւ։ 9 Շուտով իմ հօր մօտ գնացէք, եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում քո որդի Յովսէփը, Աստուած բոլոր Եգիպտոսի տէր արաւ ինձ. Ինձ մօտ իջիր, մի կանգնիր։ 10 Եւ Գեսեմի երկրումը կբնակուիս, որ ինձանից մօտիկ կլինիս, դու եւ քո որդիքը եւ քո որդիների որդիքը եւ հօտերդ եւ արջառներդ եւ քո բոլոր ունեցածը. 11 Եւ ես քեզ կսնուցանեմ այնտեղ. Որովհետեւ տակաւին հինգ տարի սով կայ. Մի գուցէ չքաւորութիւն քաշես դու եւ քո տունը եւ քո բոլոր ունեցածը։ 12 Եւ ահա ձեր աչքերը եւ իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանն է ձեզ հետ խօսողը։ 13 Եւ Եգիպտոսի մէջ իմ ունեցած բոլոր փառքը, եւ ձեր բոլոր տեսածը պատմեցէք իմ հօրը, եւ շուտով իմ հօրը այստեղ իջեցրէք։ 14 Եւ իր եղբայր Բենիամինի պարանոցովն ընկաւ եւ լացաւ. Բենիամինն էլ նորայ պարանոցի վերայ լացաւ։ 15 Եւ իր բոլոր եղբայրներին համբուրեց եւ նորանց վերայ լացաւ. Եւ սորանից յետոյ եղբայրները նորա հետ խօսեցին։
16 Եւ այս լուրը Փարաւօնի տանը լսուեցաւ, թէ Յովսէփի եղբայրները եկել են. Եւ Փարաւօնին եւ նորայ ծառաներին հաճելի եղաւ։ 17 Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Քո եղբայրներին ասիր, Սա արէք. Բեռնեցէք ձեր անասունները, եւ Քանանի երկիրը գնացէք. 18 Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. Եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կտամ, եւ երկրի պարարտութիւնը կուտէք։ 19 Եւ քեզ հրաման եղաւ. Սա արէք, ձեր երեխաների համար եւ ձեր կանանց համար Եգիպտոսի երկրիցը կառքեր առէք, եւ ձեր հայրը բերէք, եւ եկէք։ 20 Եւ ձեր աչքը ձեր կարասիքի վերայ չմնայ. Որովհետեւ բոլոր Եգիպտոսի երկրի բարիքը ձերն է։
21 Եւ Իսրայէլի որդիներն այնպէս արին. Եւ Յովսէփը նորանց կառքեր տուաւ Փարաւօնի խօսքի պէս, եւ ճանապարհի համար պաշար տուաւ նորանց։ 22 Նորանց ամեն մէկին նորանոր հանդերձներ տուաւ, բայց Բենիամինին երեք հարիւր կտոր արծաթ եւ հինգ ձեռք նորանոր հանդերձներ տուաւ։ 23 Եւ իր հօր համար այսպիսի բաներ ուղարկեց. Տասը էշ Եգիպտոսի բարիքներով բեռնած՝ եւ տասը էգ էշ ցորենով եւ հացով եւ ուտելիքներով բեռնած իր հօր ճանապարհորդութեան համար։ 24 Եւ իր եղբայրներին ուղարկեց, եւ գնացին. Եւ ասեց նորանց. Ճանապարհին չկռուիք։
25 Եւ նորանք Եգիպտոսից ելան, եւ դէպի Քանանի երկիրն իրանց հայր Յակոբի մօտ գնացին. 26 Եւ նորան պատմեցին ասելով. Յովսէփը տակաւին ողջ է, եւ նա իշխում է Եգիպտոսի բոլոր երկրին։ Եւ նորա սիրտը նուաղեց, որովհետեւ չհաւատաց նորանց։ 27 Եւ նորան պատմեցին Յովսէփի բոլոր խօսքերը որ իրանց ասել էր, եւ երբ որ տեսաւ Յովսէփի ուղարկած կառքերը որ իրան տանեն, այն ժամանակ իրանց հայր Յակոբի հոգին կենդանացաւ։ 28 Եւ Իսրայէլն ասեց. Բաւական է, իմ որդին՝ Յովսէփը տակաւին կենդանի է. գնամ եւ մեռնելիցս առաջ տեսնեմ նորան։