Աբրահամի և Սառայի անունի փոխուիլը։ Թլփատութիւնը։ Իսահակի խոստմունքը։

1 Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր։ 2 Եւ ես իմ ու քո մէջտեղը իմ ուխտը կը դնեմ, եւ քեզ խիստ շատ կշատացնեմ։ 3 Եւ Աբրամն իր երեսի վերայ ընկաւ. Եւ Աստուած նորա հետ խօսեց ասելով. 4 Ահա իմ ուխտը քեզ հետ է, եւ ազգերի բազմութեան հայր կլինիս. 5 Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունն Աբրահամ լինի. որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի։ 6 Եւ քեզ խիստ շատ կաճեցնեմ, եւ քեզ ազգեր կշինեմ. Եւ քեզանից թագաւորներ դուրս կգան։ 7 Եւ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը, եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար որ յաւիտենական ուխտ լինի, որ Աստուած լինիմ քեզ համար եւ քեզանից յետոյ քո սերունդի համար։ 8 Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին տուի քո պանդխտութեան երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ յաւիտենական ստացուածքի համար. Եւ նորանց Աստուած կլինիմ։ 9 Եւ Աստուած ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու եւ քեզանից յետոյ քո սերունդն իրանց դարերումը։ 10 Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ եւ ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատուի. 11 Ուրեմն թլփատուեցէք ձեր անթլփատութեան մարմինիցը, եւ սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մէջ։ 12 Եւ թլփատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ։ 13 Քո ընդոծինը եւ քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատուի. Եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի։ 14 Եւ մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. Նա իմ ուխտն անարգել է։ 15 Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նորա անունը։ 16 Եւ նորան կօրհնեմ, նաեւ նորանից մի որդի կտամ քեզ. Եւ կօրհնեմ նորան, եւ նա ազգեր կլինի. Ժողովուրդների թագաւորներ կլինին նորանից։ 17 Եւ Աբրահամն երեսի վերայ ընկաւ եւ ծիծաղեց եւ իր սրտումն ասաց. Արդեօք հարիւր տարեկան մարդին զաւակ կլինի՞. Եւ թէ իննսուն տարեկան Սարրան կծնէ՞։ 18 Եւ Աբրահամն ասեց Աստուծոյն. Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին։ 19 Եւ Աստուած ասեց. Այո՛, քո կինը Սարրան որդի կծնէ քեզ համար, եւ նորա անունը Իսահակ կդնես. Եւ ես իմ ուխտը կհաստատեմ նորա հետ հաւիտենական ուխտ նորանից յետոյ նորա սերունդի համար։ 20 Եւ Իսմայէլի համար էլ լսեցի քեզ. Ահա օրհնեցի նորան, եւ կաճեցնեմ նորան եւ խիստ շատ կշատացնեմ նորան. Նա տասներկու իշխաններ կծնէ, եւ մեծ ազգ կշինեմ նորան։ 21 Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որ Սարրան քեզ համար կծնէ միւս տարի այս ժամանակ։
22 Եւ նորա հետ խօսելը վերջացրեց, եւ Աստուած Աբրահամի մօտիցը վեր գնաց։ 23 Եւ Աբրահամն առաւ իր որդի Իսմայէլը, եւ իր բոլոր ընդոծինները եւ իր բոլոր արծաթով առնուածները՝ Աբրահամի ընտանիքի ամեն արու մարդը, եւ հէնց այն օրը նորանց անթլփատութեան մարմինը թլփատեց, ինչպէս Աստուած ասել էր նորան. 24 Եւ Աբրահամն իննսունեւինը տարեկան էր, երբ որ նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։ 25 Եւ իր որդին Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբոր նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։ 26 Հէնց նոյն օրը թլփատուեցաւ Աբրահամը եւ իր որդի Իսմայէլը, 27 Եւ իր տան բոլոր մարդիկը՝ իր ընդոծինը եւ օտարականներից արծաթով առնուածը իր հետ թլփատուեցան։