Նոր աշխարհի կանոնները։ Ուխտ ու ծիածան։ Գինի։ Նոյի անէծքը և օրհնանքը։

1 Եւ Աստուած օրհնեց Նոյին եւ նորա որդկանցը, եւ ասեց նորանց. Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք երկիրը. 2 Եւ ձեր վախն ու ձեր երկիւղը երկրի բոլոր գազանների վերայ եւ երկնքի բոլոր թռչունների վերայ լինի. նորանք երկրի վերայ բոլոր շարժողների հետ եւ ծովի բոլոր ձկների հետ ձեր ձեռքն են տրուած։ 3 Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի. բանջարի խոտի պէս տուի ձեզ բոլորը։ 4 Միայն միսը իր կեանքովը այսինքն իր արիւնովը չուտէք։ 5 Եւ ձեր արիւնն էլ ձեր կեանքի համար կպահանջեմ, ամեն կենդանու ձեռքից կպահանջեմ, եւ մարդի ձեռքից՝ իր ընկերի ձեռքիցը մարդի կեանքը կպահանջեմ։ 6 Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին։ 7 Եւ դուք աճեցէք ու շատացէք, երկրի վերայ բազմացէք եւ նորանում շատացէք։
8 Եւ Աստուած ասեց Նոյին եւ նորա որդկանցը նորա հետ՝ ասելով. 9 Եւ ես ահա իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ եւ ձեզանից յետոյ ձեր սերունդի հետ,
10 Եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու հետ, թէ թռչունի, թէ անասունի եւ թէ ձեզ հետ լինող երկրի ամեն գազանի հետ, տապանիցը ելածների ամենի հետ՝ երկրի բոլոր անասունների հետ։ 11 Եւ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլ եւս ոչ մէկ մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչիլ, եւ այլ եւս ջրհեղեղ չի լինիլ երկիրը փչացնելու համար։ 12 Եւ Աստուած ասեց. Սա է այն ուխտի նշանը որ ես դնում եմ իմ ու ձեր մէջ, եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու մէջ յաւիտենական դարերի համար. 13 Իմ աղեղը դրի ամպի մէջ, եւ նա ուխտի նշան լինի իմ ու երկրի մէջ։ 14 Եւ լինի որ ես երկրի վերայ ամպ բերելիս՝ աղեղը ամպի մէջ տեսնուի. 15 Այն ժամանակ ես կյիշեմ իմ ուխտը որ իմ ու ձեր մէջ եւ ամեն մարմնից ամեն շնչաւոր կենդանու մէջ դրել եմ, եւ ջրերը այլ եւս հեղեղ չեն դառնալ որ եւէ մարմին կորցնելու համար։ 16 Եւ աղեղը ամպի մէջ կլինի, եւ ես նորան կտեսնեմ, որ յիշեմ այն յաւիտենական ուխտը՝ Աստուծոյ ու ամեն մարմնից լինող բոլոր կենդանի անասունի մէջ, որ երկրի վերայ է։ 17 Եւ Աստուած Նոյին ասեց. Սա է այն ուխտի նշանը որ ես հաստատեցի իմ ու երկրի վերայ լինող ամեն մարմնի մէջ։
18 Եւ Նոյի տապանից դուրս եկած որդիքն էին՝ Սէմ, Քամ եւ Յաբէթ, եւ Քամը Քանանի հայրն է։ 19 Այս երեքը Նոյի որդիքն են. Եւ սորանցից տարածուեցաւ բոլոր երկիրը։
20 Եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց։ 21 Եւ գինուցը խմեց եւ արբեց, եւ իր վրանի մէջ մերկ էր։
22 Եւ Քանանի հայր՝ Քամը տեսաւ իր հօր մերկութիւնը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։ 23 Եւ Սէմը եւ Յաբէթը հանդերձն առին եւ իրանց երկուսի ուսերի վերայ դրին ու ետ ետ գնացին իրանց հօր մերկութիւնը ծածկեցին. Եւ իրանց երեսները դէպի ետ էր եւ իրանց հօր մերկութիւնը չտեսան։ 24 Եւ Նոյն իր գինուցն արթնացաւ եւ իմացաւ ինչ որ իրան իր փոքր որդին արել էր։ 25 Եւ ասեց. Անիծեալ լինի Քանանը, ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին։ 26 Նաեւ ասեց. Օրհնեալ լինի Եհովան՝ Սէմի Աստուածը, եւ Քանանը նորա ծառայ լինի։ 27 Աստուած ընդարձակէ Յաբէթին, եւ նա Սէմի վրաններումը բնակուի, եւ Քանանը ծառայ լինի նորան։
28 Եւ Նոյը ջրհեղեղից յետոյ երեք հարիւր յիսուն տարի ապրեց։ 29 Եւ Նոյի բոլոր օրերը ինը հարիւր յիսուն տարի եղաւ եւ մեռաւ։