Ջրհեղեղը։

1 Եւ Եհովան ասեց Նոյին. Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. Որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին։ 2 Ամեն մաքուր անասուններից քեզ համար եօթը եօթը հատ առնես՝ արու եւ նորա էգը. Իսկ այն անասուններիցը որ մաքուր չեն, երկու երկու հատ՝ արու եւ նորա էգը։ 3 Երկնքի թռչուններիցն էլ եօթը եօթը հատ՝ արու եւ էգ, բոլոր երկրի վերայ սերունդ ողջ մնալու համար։ 4 Որովհետեւ եօթը օրից յետոյ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ, եւ ամեն էակ որ արի, երկրի երեսիցը պիտի ջնջեմ։ 5 Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Եհովան պատուիրեց նորան։ 6 Եւ Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբոր ջրհեղեղը երկրի վերայ եղաւ։ 7 Եւ մտաւ Նոյը եւ իր որդիքը, եւ իր կինը եւ իր որդկանց կանայքը իր հետ տապանի մէջ ջրհեղեղի ջրերի պատճառովը։ 8 Մաքուր անասուններիցը, եւ այն անասուններիցը որ մաքուր չեն եւ թռչուններիցը, եւ երկրի վերայ ամեն սողացողներիցը, 9 Զոյգ զոյգ արու եւ էգ գնացին Նոյի մօտ տապանի մէջ, ինչպէս որ Աստուած Նոյին պատուիրել էր։ 10 Եւ եղաւ որ եօթն օրից յետոյ ջրհեղեղի ջրերը եկան երկրի վերայ։ 11 Նոյի կենաց վեցհարիւրերորդ տարումը երկրորդ ամսումը՝ ամսի տասնեւեօթներորդ օրը. Նոյն օրը մեծ անդունդի բոլոր աղբիւրները ճեղքուեցան եւ երկնքի պատուհանները բացուեցան. 12 Եւ անձրեւը եղաւ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշէր։ 13 Հէնց նոյն օրը մտաւ Նոյը եւ Նոյի որդիները՝ Սէմը եւ Քամը եւ Յաբէթը, եւ Նոյի կինը, եւ նորա որդկանց երեք կանայքը նորանց հետ տապանի մէջ։ 14 Նորանք եւ բոլոր կենդանիներն իրանց տեսակի պէս, եւ բոլոր անասուններն իրանց տեսակի պէս, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողուններն իրանց տեսակի պէս, եւ բոլոր թռչուններն իրանց տեսակի պէս, ամեն տեսակ թեւաւոր թռչուն. 15 Եւ մտան տապանը Նոյի մօտ զոյգ զոյգ ամեն մարմնից, որի մէջ կենաց շունչ կայ։ 16 Եւ մտնողներն արու եւ էգ մտան ամեն մարմնից, ինչպէս Աստուած նորան պատուիրել էր։ Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց։ 17 Եւ ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ. Եւ ջրերը շատացան եւ տապանը վեր հանեցին, եւ նա երկրիցը բարձրացաւ։ 18 Եւ ջրերը սաստկանում էին, եւ շատ շատանում էին երկրի վերայ. Եւ տապանը ման էր գալիս ջրերի երեսի վերայ։ 19 Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։ 20 Ջրերը տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան։ 21 Եւ երկրի վերայ շարժող ամեն մարմին՝ թէ թռչուն, թէ անասուն, թէ գազան եւ թէ երկրի վերայ սողացող ամեն սողուն, եւ ամեն մարդ մեռաւ։ 22 Ամենը որի ռնգացը մէջ կենդանութեան շունչ կար, այն բոլորը որ ցամաքի վերայ էր, մեռան։ 23 Եւ ջնջուեցաւ երկրի երեսի վերայ լինող ամեն էակ՝ մարդից մինչեւ անասուն, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը. Եւ երկրիցը ջնջուեցան. Եւ միայն Նոյը մնաց եւ իր հետ տապանումը լինողները։ 24 Եւ ջրերը երկրի վերայ հարիւր յիսուն օր բարձրացած մնացին։