Աբրահամին որդի է խոստացվում։ Նորա հաւատքը։ Աստուծոյ ուխտը նորա հետ։

1 Այս բաներից յետոյ տեսիլքում Եհովայի խօսքը Աբրամին եղաւ ասելով. Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։ 2 Եւ Աբրամն ասեց. Ով Տէր Եհովայ, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զաւակի եմ մնացել, եւ իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է։ 3 Նաեւ ասեց Աբրամը, Որովհետեւ ինձ սերունդ չտուիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կլինի։ 4 Եւ ահա Եհովայի խօսքը եղաւ դէպի նորան ասելով, Նա չի ժառանգիլ քեզ. Այլ նա որ քու մէջքիցը դուրս կգայ, նա կլինի քո ժառանգը։ 5 Եւ նա դուրս հանեց նորան եւ ասեց. Դէպի երկինքը մտիկ արա, եւ աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. Եւ ասեց նորան. Այսպէս կլինի քո սերունդը։ 6 Եւ նա հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս։
7 Եւ ասեց նորան. Ես եմ Եհովան, որ քեզ Քաղդէացոց Ուր քաղաքիցը հանեցի այս երկիրը քեզ տալու համար։
8 Եւ նա ասաց. Ով Տէր Եհովայ, ի՞նչով գիտենամ թէ ես նորան կժառանգեմ։ 9 Եւ նա ասեց նորան. Ինձ համար մի երեք տարեկան երինջ, եւ մի երեք տարեկան այծ, եւ մի երեք տարեկան խոյ, եւ մի տատրակ, եւ մի աղաւնու ձագ առ։ 10 Եւ նա այս բոլորն առաւ նորա համար, եւ նորանց մէջտեղիցը կտրտեց, եւ ամեն մէկ կտորը միւս կտորի դէմ ու դէմ դրաւ. Բայց թռչունները չկտրեց։ 11 Եւ կտրած դիերի վերայ գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նորանց։ 12 Եւ երբոր արեւը մար էր մտնում, Աբրամի վերայ մի խոր քուն եկաւ, եւ ահա նորա վերայ մի մեծ խաւարի սոսկում ընկաւ։ 13 Եւ Եհովան ասեց Աբրամին. Ստոյգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կլինի, եւ ծառայութիւն կանեն, եւ նորանց չորս հարիւր տարի կչարչարեն։ 14 Բայց այն ազգն էլ, որին արդէն կծառայեն, ես կդատեմ. Եւ նորանցից յետոյ մեծ ստացուածքով դուրս կգան։ 15 Եւ դու խաղաղութեամբ քո հայրերի մօտ կգնաս. Լաւ ծերացած կթաղուիս։ 16 Եւ չորրորդ դարու մը այստեղ կդառնան, որովհետեւ Ամօրհացիների անօրէնութիւնը դեռ կատարեալ չէ։ 17 Եւ եղաւ երբոր արեւը մար մտաւ, եւ խաւար եղաւ, ահա մի մեծ ծուխի հնոց եւ մի կրակի բոց այն կտորների մէջտեղովն անցաւ։ 18 Այն օրը Եհովան Աբրամի հետ ուխտ դրաւ ասելով, Քո սերունդին տուի այս երկիրը Եգիպտոսի գետիցը մինչեւ մեծ գետը այսինքն Եփրատ գետը. 19 Կենեցիները, եւ Կենեզացիները, եւ Կեդմոնացիները, 20 Եւ Քետացիները, եւ Փերեզացիները, եւ Ռափայիմները, 21 Եւ Ամօրհացիները, եւ Քանանացիները, եւ Գերգեսացիները, եւ Յեբուսացիները։