Ջրհեղեղի վերջը։ Նոյի զոհը եւ Աստուծոյ օրհնութիւնը։

1 Եւ Աստուած յիշեց Նոյին եւ բոլոր կենդանիներին եւ բոլոր անասուններին, որ նորան հետ տապանումն էին. եւ Աստուած երկրի վերայ մի քամի բերաւ, եւ ջրերը նուազուեցան։ 2 Եւ անդունդի աղբիւրները եւ երկնքի պատուհանները փակուեցան, եւ անձրեւը երկնքից դադարեց։ 3 Եւ ջրերը գնալով երկրի վերայից քաշվում էին, եւ հարիւր յիսուն օրից յետոյ ջրերը քիչացան։ 4 Եւ եօթներորդ ամսում՝ ամսի տասնեւեօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց։ 5 Եւ ջրերը գնալով քիչանում էին մինչեւ տասներորդ ամիսը. տասներորդ ամսի մէկին սարերի գլուխները երեւեցան։
6 Եւ եղաւ որ քառասուն օրից յետոյ Նոյն իր շինած տապանի պատուհանը բացաւ, 7 Եւ ագռաւն արձակեց, եւ սա դուրս եկաւ գնում ու գալիս էր մինչեւ երկրի վերայից ջրերի ցամաքիլը։ 8 Յետոյ աղաւնուն ուղարկեց իր մօտից, որ տեսնէ, թէ արդեօք ջրերը քիչացել են երկրի երեսի վերայից։ 9 Եւ աղաւնին իր ոտքի հանգստութեան տեղ չգտաւ, եւ ետ դարձաւ նորա մօտ դէպի տապանը. որովհետեւ բոլոր երկրի երեսի վերայ ջուր կար։ Եւ Նոյն իր ձեռքը մեկնեց եւ առաւ նորան եւ բերաւ իր մօտ տապանի մէջ։ 10 Եւ եօթն օր էլ սպասեց, եւ դարձեալ արձակեց աղաւնուն տապանիցը։ 11 Եւ իրիկուայ դէմ աղաւնին նորա մօտ եկաւ, եւ ահա բերանումը մի ձիթենու նոր կտրուած տերեւ կար. եւ Նոյը գիտաց որ ջրերը երկրի վերայից քիչացել են։
12 Եւ եօթն օր էլ սպասեց, եւ աղաւնուն արձակեց, եւ նա այլ եւս նորա մօտ ետ չդարձաւ։
13 Եւ եղաւ որ վեց հարիւր մէկ տարումը՝ առաջի ամսի մէկին ջրերը երկրի վերայից ցամաքեցան. եւ Նոյը տապանի ծածկոցը վեր առաւ եւ մտիկ տուաւ, եւ ահա երկրի երեսը ցամաքել էր։ 14 Եւ երկրորդ ամսումը՝ ամսի քսանեւեօթներորդ օրը երկիրը չորացաւ։
15 Եւ Աստուած խօսեց Նոյի հետ եւ ասեց. 16 Դուրս եկ տապանիցը դու եւ քո կինը եւ քո որդիքը եւ քո որդկանց կանայքը քեզ հետ։ 17 Քեզ հետ լինող բոլոր կենդանին ամեն մարմնից՝ թէ թռչուն, թէ անասուն, եւ թէ երկրի վերայ սողացող բոլոր սողունները քեզ հետ հանիր, որ երկրի վերայ բազմանան, եւ երկրի վերայ աճին եւ շատանան։ 18 Եւ դուրս եկաւ Նոյը եւ իր որդիքը եւ իր կինը եւ իր որդկանց կանայքն իր հետ։ 19 Ամեն կենդանի, ամեն սողուն, եւ ամեն թռչուն, երկրի վերայ ամեն շարժողներն իրանց ցեղերովը դուրս եկան տապանիցը։
20 Եւ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առաւ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, եւ սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց, 21 Եւ Եհովան անոյշ հոտը հոտոտաց, եւ Եհովան ասեց իր սրտումն. Այլ եւս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը, եւ այլ եւս չեմ զարկիլ բնաւ ոչ մի կենդանի, ինչպէս արի։ 22 Այսուհետեւ քանի ժամանակ որ երկիրը կմնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ։