Սարրայի մահը եւ թաղումը։

1 Եւ Սարրայի կեանքը հարիւր քսանեւեօթը տարի էր. սա է Սարրայի կենացը տարիքը։ 2 Եւ Սարրան մեռաւ Կարիաթարբայումը, որ է Քեբրոն՝ Քանանի երկրումը. Եւ Աբրահամն եկաւ որ Սարրայի համար սուգ անէ եւ ողբայ։ 3 Եւ Աբրահամն իր մեռելի առաջից վեր կացաւ եւ Քետի որդիների հետ խօսեց ասելով, 4 Ես ձեր մէջ օտարական եւ պանդուխտ եմ, ձեր մէջ ինձ գերեզմանի ստացուածք տուէք, որ իմ երեսի առաջից մեռելս թաղեմ։ 5 Եւ Քետի որդիքը պատասխանեցին Աբրահամին, եւ նորան ասեցին. 6 Տէր իմ, լսիր մեզ, դու մեր մէջ մի իշխան Աստուծոյ ես. Մեր գերեզմանների ընտիրումը թաղիր քո մեռելը. Մեզանից մէկը չի խնայիլ իր գերեզմանը քեզանից քո մեռելը թաղելու։ 7 Եւ Աբրահամը վեր կացաւ, եւ խոնարհութիւն արաւ այն երկրի ժողովուրդին՝ Քետի որդիներին. 8 Եւ նորանց հետ խօսեց ասելով, Եթէ ձեր մտքումը կայ, որ ես իմ երեսի առաջից մեռելս թաղեմ, ինձ լսեցէք, եւ ինձ համար Սահառի որդի Եփրոնի հետ խօսեցէք, 9 Որ ինձ տայ Մաքփելայի այրը, որ նորանն է, եւ նորա արտի ծայրումն է. Լիքը գինով ինձ տայ, որ գերեզմանի ստացուածք ունենամ ձեր մէջ։ 10 Եւ Եփրոնը նստել էր Քետի որդկանց մէջ։ Եւ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդկանց ականջի առաջին՝ այն ամենքի առաջին որ դռնովը մտնում էին, եւ ասեց. 11 Ոչ, տէր իմ, ինձ լսիր. Արտը քեզ տուի եւ այրն էլ, որ նորանում է, քեզ տուի այն, իմ ժողովուրդի որդոց աչքի առաջին քեզ տուի այն. թաղիր քո մեռելը։ 12 Եւ Աբրահամն այն երկրի ժողովրդի առաջին խոնարհութիւն արաւ. 13 Եւ Եփրոնի հետ խօսեց այն երկրի ժողովրդի ականջի առաջին եւ ասեց. Ո՛հ եթէ դու մէկ ինձ լսէիր. Ես արտի փողը տամ. Առ ինձանից, եւ ես մեռելս այնտեղ թաղեմ։ 14 Եւ Եփրոնը պատասխանեց Աբրահամին եւ նորան ասեց. 15 Տէր իմ, ինձ լսիր. Տափը չորս հարիւր սիկղ արծաթ է. Իմ ու քո մէջ դա ի՞նչ է. Ուրեմն թաղիր քո մեռելը։ 16 Եւ Աբրահամը լսեց Եփրոնին, եւ Աբրահամը կշռեց արծաթը Եփրոնին տուաւ, ինչպէս նա Քետի որդկանց առաջին խօսել էր, այսինքն չորս հարիւր սիկղ արծաթ՝ վաճառականների մէջ անցնող։ 17 Եւ հաստատուեցաւ Եփրոնի արտը, որ Մաքփելայումը Մամբրէի դիմացն է, արտը եւ այն այրը, որ նորանում է, եւ շուրջանակի նորա սահմանների մէջ եղած արտի միջի բոլոր ծառերը 18 Աբրահամի վերայ իբրեւ ստացուածք Քետի որդկանց աչքի առաջին, այն ամենի առաջին, որ նորա քաղաքի դռնովը մտնում են։ 19 Եւ սորանից յետոյ Աբրահամն իր կին Սարրային թաղեց Մամբրէի դիմացի Մաքփելայի արտի այրումը, որ է Քեբրոն՝ Քանանի երկրումը։ 20 Եւ հաստատուեցաւ արտը եւ այրը, որ նորանում էր, Աբրահամի վերայ, որ գերեզմանի ստացուածք լինի, Քետի որդիներից։